Համացանցի նոր քննարկման թեման…Ես ու Հրանտն ամուսնալուծվել ենք. Լուիզա Ներսիսյան (ֆոտո)


«Ժողովուրդ»-ը սկսում է հայտնիների հետ բլից-հարցազրույցների շարք, որի շրջանակում կբացահայտի նրանց անցած ճանապարհը, բնութագրական որակները, բնավորության` քչերին հայտնի գծերն ու, ով գիտե, գուցե նաեւ` գաղտնիքները: Այսպիսով` մեր առաջին զրուցակիցը «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Սքոչ ընդ վիսկի» ֆիլմերից, «Ի զեն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» եւ այլ ներկայացումներից հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: -Լուիզա՛, ինքներդ Ձեզ սկսում եք հիշել… -Երկու տարեկանից: Այդ ժամանակահատվածից արդեն իսկ իմ մասնակցությամբ ինչ-որ դրվագներ մտաբերում եմ, բայց հստակ կերպով ինձ հիշում եմ երեք տարեկանից: -Մանկության ամենավառ դրվագներն ինչի՞ հետ են կապված: -Երջանկության, անհոգության, իսկ եթե ավելի առարկայական` վերմիշելի (ծիծաղում է): Երբ մանկապարտեզում դաստիարակներս ինձ վերմիշել էին մատուցում, ես երկրորդ բաժինն էի ուզում, եւ եթե պատասխանում էին, որ վերջացել է, չէի հավատում, գնում էի խոհանոց եւ թասերի կափարիչները բարձրացնելով` ստուգում էի, համոզվում էի, որ հաստատ չկար, հետո նոր հանգիստ նստում էի տեղս (ծիծաղում է): -Մինչեւ օրս չեք համակերպվում… -Անարդարության հետ, ընդ որում, ոչ միայն մեր ոլորտի: Չեմ համակերպվում նաեւ անհետեւողական, ստի հետ: Դա նշանակում է, որ դիմացինս հիմար է, իսկ ես մարդու այդ տեսակը չեմ սիրում: -Մարդկային ամենայուրահատուկ որակը ո՞րն է: -Էքսցենտրիկությունը: -Կնոջ ինքնատիպ լինելու գաղտնի՞քը: -Չմոռանալը, որ ինքը կին է: Կյանքի բերումով մենք միշտ չէ, որ ստանձնում ենք գործեր, որոնք համապատասխանում են միայն կանանց, բայց նման պարագաներում էլ ցանկացած հարցի պետք է նայել ոչ թե մարդու, այլ կնոջ տեսանկյունից, օրինակ` լինել ոչ թե քաղաքացի, այլ կին քաղաքացի: Չպետք է անտեսել կանացի սկիզբը: -Ամաչում եք… -Վախկոտությունից, թերահավատությունից: -Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը: -Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է: -Եթե ոչ դերասանուհի, ապա… -Ես ինձ ամեն բնագավառում էլ պատկերացնում եմ, եւ ինչ գործ էլ որ անելու լինեմ, կանեմ դա շատ լավ, երբեք չեմ ծուլանա, կսկեմ խորապես ուսումնասիրել աշխատանքիս նրբությունները: Մեր հասարակության խնդիրներից մեկն էլ այն է, որ ամեն մեկը մտածում է, թե ինքն իր տեղում չէ եւ սկսում է մատների արանքով նայել իր մասնագիտությանը: Եթե կարողանանք այս երեւույթն արմատապես վերացնել, յուրաքանչյուրս մեզ ռեալիզացված եւ երջանիկ կզգանք: -Մի արտահայտություն, որ ամենաշատն եք անում: -«Կգժվեմ»: -Ձեր կյանքից տարիներ կտայիք, միայն թե… -Չէ, չեմ տա տարիներ, որովհետեւ շատ եմ գնահատում ժամանակը, եւ, ընդհանրապես, կյանքը, ուստի չեմ կարող ինչ-որ բանից կառչել ու մտածել, որ այդ պահն արժանի է իմ` տարիներ կորցնելուն: -Մարդ կամ մարդիկ, որոնք մեծապես ազդել են Ձեր ողջ կյանքի վրա: -Դրանք իմ ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ են` կլինեն բարի, թե ոչ այնքան: Նրանք ստիպել են ինձ քայլ կատարել: Ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել նաեւ ֆիլմերը, որոնք ես դիտել եմ, կենսագրությունները, որոնք կարդացել եմ, օրինակ` Կոկո Շանելինը: Ծանոթացել եմ այնպիսի կանանց պատմությունների, որոնք իրենց բնագավառում կարողացել են փոխել ինչ-որ բան. ուղղակի գործել են: -Եվ վերջին հարցը` կյանքն ավարտվում է, երբ… -Երբ որոշում ես, որ այն ավարտված է… Աննա Բաբաջանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/526119/

531 Views